Այսօր Երեւանում աշխատանքներն է սկսել «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր»-ին նվիրված համաժողովը։ Ծրագրի շրջանակներում կստեղծվի «Հայկական միրգ» ԲԲԸ-ն։ Այս ընկերությունը պայմանագիր կկնքի փոքր գյուղացիական տնտեսությունների հետ  հետեւյալ հիմունքներով՝ արդիականացնել գյուղացիների այգիները եւ փոխարենը 12 տարվա կտրվածքով ստանալ վերջնական արտադրանքի մի մասը։ Սկզբնական շրջանում ընկերության բաժնետիրական կապիտալի 100 տոկոս սեփականատերը կլինի ՀՀ կառավարությունը։ Գործունեության ընթացքում ընկերությունը պետք է ներգրավի արտաքին ներդրողների, որի արդյունքում լիովին կմասնավորեցվի։

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի տվյալներով՝ 3 մարզերում (Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի)  կարդիականացվեն հատկապես ծիրանենու եւ ընկուզենու այգիները։ Նրա խոսքով՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային ֆոնդը (IFAD)  12 մլն դոլար է հատկացրել Հայաստանում ծիրանի, ընկուզենու, մյուս պտուղների գենետիկական կենտրոնների ստեղծման նպատակով։