Դատարանը մերժեց ՍԴՀԿ Գեւորգ Պերկուպերկյանի թեւի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, քանի որ իշխանությունները կորցրեցին իրենց հետաքրքրությունը այդ թեւի նկատմամբ: Այս մասին հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսում ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով «ՍԴՀԿ-ն ընդդեմ ՍԴՀԿ-ի» գործով դատարանի վճռին: Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, կուսակցության ներսում անցած աշուն տեղի ունեցած զարգացումները, որոնց  հետեւանքով ՍԴՀԿ-ն բաժանվեց երկու թեւի, իշխանություների կողմից իրականացված դիվերսիա էր, որի նպատակը հայ ավանդական կուսակցությունը պառակտելն ու ՍԴՀԿ-ն Հայ Ազգային Կոնգրեսի կազմից դուրս բերելն էր:

«Իշխանություններն այսպիսով ցանկանում էին մեկ գնդակով երկու նապաստակ սպանել՝ նախ ՍԴՀԿ-ն հանել ՀԱԿ-ից, եւ հետո՝ ստեղծել գրպանային ընդդիմություն՝ ի դեմս ՍԴՀԿ-ից դուրս եկած ու Վահան Շիրխանյանի շուրջ համախմբվածների»,-նշեց Սարգսյանը: Նա նաեւ նշեց, որ եթե հայցվոր կողմը անգամ մեկ վարկաբեկիչ փաստարկ ունենար իր դեմ, ապա կկարողանար գնալ մինչեւ վերջ: Դատարանի վճիռը Լյուդմիլա Սարգսյանը չի համարում հաղթանակ, քանի որ, ըստ նրա՝ «երբ ընտանիքում վեճ է լինում, ապա դրանից ոչ ոք չի հաղթում»: ՍԴՀԿ ատենապետը  կոչով դիմեց ՍԴՀԿ Կենտրոնական վարչությանը, որը, Սարգսյանի խոսքով, այս ընթացքում ապակողմնորոշված է եղել՝ պաշտպանելով Գեւորգ Պերկուպերկյանի թեւին, եւ առաջարկեց համատեղ միջոցներով առողջացնել կուսակցությունը: «Սակայն մի պայմանով, որ այն քաղաքական գիծը, որը որդեգրել է ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, փոփոխման չի ենթարկվելու: Այն է՝ շարունակել ՀԱԿ-ի կազմում պայքարը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ»: ՍԴՀԿ ատենապետը հավելեց նաեւ, որ համագորակցությունը վերաբերում է ոչ բոլորին: «Կան մարդիկ, խոսքը հայաստանյան կառույցի անդամ հնչակյանների մասին է, որոնց հետ համագործակցության եզրեր գտնելն անհնար է»,-նշեց նա՝ այդ հնչակյաններին անվանելով «անջատողականներ»:  

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ հայտարարեց, թե ՍԴՀԿ-ի ներսում խմորումները սկսվել են դեռեւս  2008 թվականին. իրեն են դիմել «իշխանության մեջ շատ լուրջ դիրքեր զբաղեցնող անձինք», հանդիպում խնդրել ու առաջարկել համագործակցել իշխանությունների հետ՝ ինչպես դա անում են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Առաջարկը, սակայն, մերժվել է Սարգսյանի կողմից:

Հիշեցնենք, որ 2009 թվականի աշնանը ՍԴՀԿ-ն բաժանվեց երկու թեւի, որոնցից մեկը գլխավորում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, իսկ մյուս թեւը՝ Գեւորգ Պերկուպերկյանը, ով  ՍԴՀԿ արտակարգ համագումարում ընտրվեց որպես ատենապետ: Դրանից հետո Գեւորգ Պերկուպերկյանի թեւը դիմեց դատարան՝ վիճարկելով Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը շուրջ 7 ամիս տեւած դատական քննությունից հետո հուլիսի 9-ին մերժեց հայցը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ: