ԱՄՆ իշխանությունները ռուս-ամերիկյան հայտնի փոխանակումից մեկ օր անց ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող եւս մեկ անձի:

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրները, երիտասարդը 23 տարեկան է: Հատուկ ծառայությունները հետեւել են նրան 2009թ. հոկտեմբերից: Հենց այդ ժամանակ էլ նա այցելել է ԱՄՆ:

Ըստ թերթի՝ ամերիկյան իշխանությունները պատրաստում են նրա արտաքսումը երկրից: Նրա վիզան չեղյալ է հայտարարվել հունիսի 26-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ոստիկանությունն ԱՄՆ-ում հունիսի 27-ին ձերբակալել էր 10 անձի՝ մեղադրելով Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: ԱՄՆ-ը համաձայնվել էր փոխանակել նրանց 4 լրտեսների հետ, ովքեր ազատազրկման էին դատապարտվել Ռուսաստանում պետական դավաճանության մեղադրանքով: Փոխանակումը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին՝ Վիեննայի օդանավակայանում: