SpaceX եւ Tesla Motors ծրագրերի հեղինակ, գործարար Էլոն Մասկը տիեզերքից  Երկրին ինտերնետով ապահովելու ծրագրի մեկնարկը 10 մլրդ դոլար է գնահատել եւ բացահայտել  իր մտահղացման մանրամասները։

«Մարդիկ չպետք է ակնկալեն, որ նախագիծը հինգ տարուց շուտ կաշխատի», – ասել է Մասկը Bloomberg Businessweek-ին։ Առաջիկայում նախագիծը կարող է օգտագործվել Մարսի գաղութացման ժամանակ, երբ մոլորակի հետ գլոբալ կապի համակարգ պահանջվի։

 2014թ. աշնանը այս նախագծի մասին հայտնել էր The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ Մասկը եւ  Google-ի մենեջեր Գրեգ Ուայլերը մտադիր են տիեզերք ուղարկել 250 ֆունտից պակաս քաշով շուրջ  700 արբանյակ։ Գործընկերները մտադիր են նաեւ արբանյակների արտադրություն սկսել։

Bloomberg-ի հետ զրույցում Մասկը պատմել է, որ արբանյակները  750 կմ բարձրություն կուղարկվեն։ Նախագծի գրասենյակը կլինի Սիեթլում (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ)։ Նախապես դրա աշխատանքներին կներգրավվի  60 մարդ։ 3-4 տարում կազմը կարող է հասնել 1000 հոգու, փոխանցում է EBC-ն։

Ըստ նրա՝ վակուումում տվյալների փոխանցումը 40% -ով արագ կլինի, քան օպտիկամանրաթելային գծերով։  «Մեր ջանքերն ուղղված են համընդհանուր հաղորդակցական համակարգի ստեղծմանը», –հայտարարել է  Էլոն Մասկը։