Իրանի եւ «վեցյակի» բանակցությունների շարունակությունը ծրագրված է փետրվարի սկզբին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է չինական պատվիրակության ղեկավար Վան Ցունը:

Իր հերթին, իրանական պատվիրակության ղեկավար, Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ առայժմ վաղ է խոսել «վեցյակի» հետ բանակցություններում առաջընթացի մասին:

«Մենք մանրամասն եւ օգտակար քննարկումներ ենք ունեցել: Դիտարկել ենք օրակարգի բոլոր հարցերը: Քննարկումները լուրջ եւ գործնական էին: Առայժմ վաղ է ասել, արդյո՞ք առաջընթաց կա, բայց կարող եմ ասել, որ բազմակողմ եւ երկկողմ ձեւաչափով օգտակար հանդիպումներ են կայացել, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների հետ: Հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարին, վայրն ու ժամկետները համաձայնեցվում են: Մենք ձգտում ենք փակել երկու կողմերի դիրքորոշումների միջեւ ճեղքվածքը: Բայց, ինչպես միշտ ասում եմ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են, հույսն առկա է»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան: