Առաջիկայում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթարկելու օրինագիծը չի ընդունվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ Դատի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց կա, սակայն զգալի փոփոխություն ակնկալել պետք չէ:

«Օրինագիծը ներկայացրել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը, բայց այն փոքրամասնություն է խորհրդարանում: Եթե չհաշվենք աջ ուղղվածության մի քանի պատգամավորների, խորհրդարանի ողջ աջ թեւը, ներառյալ նախագահական կուսակցությունը, դեմ են հանդես գալիս»,- ասել է Չոբոյանը՝ միաժամանակ հավելելով, որ հնարավոր են որոշակի փոփոխություններ: «Առաջիկա նախագահական ընտրություններում Սարկոզին չի ցանկանա կորցնել հայերի ձայները, ուստի կարելի է ինչ-որ առաջընթաց ակնկալել»,- ասել է նա:

Նշենք, որ 2006թ. խորհրդարանի ստորին պալատն ընդունել է օրինագիծը, որով Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է ենթադրվում: Նա, ով Ֆրանսիայի տարածքում կհերքի ցեղասպանությունը, կդատապարտվի 5 տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի: