«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կոչ է արել մոռանալ անցյալը եւ սպասել ընկերության կողմից իրականացվելիք բարեփոխումներին:

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի հետ համատեղ ասուլիսում խոսելով կապի ընկերության հասցեին հնչող քննադատությունների մասին՝ Յիրիկյանն ասել է. «Անցյալը մի կողմ դնենք, մենք այսօրվա մասին ենք խոսում: Մենք չհավատացինք, որ սառույցը հալվեց եւ արդեն անիվը սկսեց շարժվել դեպի առաջ, որ կարողանանք իրականացնել այս մեծ ծրագրերը»:

Ղարաբաղցիները բողոքում են ինտերնետային կապի որակից, գներից, բջջային եւ անշարժ հեռախոսակապի դիմաց գանձվող բաժանորդավճարից: Մասնավորապես, եթե Հայաստանում հնարավոր է 1 մեգաբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետային կապ ստանալ ամսական 8 հազար դրամով (շուրջ 20 դոլար), Ղարաբաղում այն արժե 350 հազար դրամ, այն էլ` առանց որակի երաշխավորման:

Յիրիկյանը հայտարարել է, թե ինքը թալանչի չէ եւ ոչ էլ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժնետեր է. «Ռալֆ Յիրիկյանը կյանքում թալանչի չի լինելու: Հատկապես իր ժողովրդի, իր ազգի հանդեպ: Ես ընդամենը պաշտոնյա եմ: Աշխատում եմ 2005 թվականից անհատույց. ինձ լա'վ լսեցեք, այսինքն` ես աշխատավարձ չեմ ստանում: Դա անում եմ, որովհետեւ ես հաճույք եմ ստանում գալ Արցախ, շփվել ժողովրդի հետ եւ ծառայել ժողովրդի համար: Բայց երբեմն բաժնետերերի կամ բաժնետերի ցանկությունը չի համընկնում իմ ցանկության հետ»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Յիրիկյանը վստահեցրել է, թե Արցախի կառավարության հետ արդեն իսկ ձեռք են բերվել նոր համաձայնություններ կապի բնագավառում բարեփոխումներ անելու ուղղությամբ: Նրա հավաստմամբ` առաջիկա 4 ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն. մինչեւ տարեվերջ լուծվելու է ինտերնետային կապի որակի եւ սակագնի հարցը, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային կապի դիմաց սակագների վերանայման վերաբերյալ:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը քաղաքային ցանցում ունի շուրջ 24 հազար բաժանորդ, բջջային հեռախոսակապից օգտվողների թիվը 60 հազար է, իսկ համացանցի բաժանորդների թիվը մոտ 1000 է: