Մասնավոր տիեզերական SpaceX եւ Tesla Motors էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիր, ձեռներեց Էլոն Մասկը մտադիր է համաշխարհային արբանյակային ինտերնետ ստեղծել:

Նախագծի իրականացման համար հարկավոր է ուղեծիր 4 հազար արբանյակ ուղարկել, իսկ ծախսերը կկազմեն ավելի քան 10 մլրդ դոլար: Այս մասին Մասկը պատմել է «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում:

Նախագծի կենտրոնակայակը Սիեթլում է: Սկզբում այստեղ կաշխատի 60 մասնագետ, իսկ 3-4 տարի անց նրանց թիվը կհասնի 1000 հոգու, ովքեր կաշխատեն նաեւ տիեզերական այլ նախագծերի ուղղությամբ. SpaceX հրթիռների եւ Dragon տիեզերական բեռնատարների:

Նախագծի մասին առաջին անգամ 2014 թվականին գրել էր The Wall Street Journal-ը: Պարբերականը նշել էր, որ ծրագրվում է նաեւ արբանյակների արտադրության գործարան կառուցել: Գործարարի խոսքով, ծրագրից ստացված եկամուտները հնարավորություն կընձեռեն ֆինանսավորել Մարսի գաղութների հիմնումը. ձեռներեցի ամենից մասշտաբային նախագիծը, որի մեկնարկը նախանշված է 2025 թվականին:

Մասկը մտադիր է համացանցով ապահովել նույնիսկ այն շրջանները, որտեղ ցանցի հասանելիությունը չափազանց դժվար է:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, գործարարն առայժմ չի տեղեկացրել, թե ինչ ընկերություններ են պատրաստ աջակցել իր նախագծին եւ արդյո՞ք մշակումներ կան բաժանորդագրային սարքավորումների բնագավառում, որոնք կկարողանան աշխատել ստեղծվելիք արբանյակային ցանցում: