Այսօր Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,25 տոկոս։ ԿԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ գնաճը կանխատեսվածից ավելի արագ տեմպով է նվազել, իսկ հունիսին, նախորդ ամսվա համեմատ, արձանագրվել է նույնիսկ գների 0,8 տոկոս նվազում։ 12 ամսվա կտրվածքով գնաճը 5,8 տոկոս է։ Դեֆլյացիայի հիմնական պատճառը, ըստ ԿԲ-ի, 2009 թ. իրականացված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումն է։ Նշենք, որ փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ գնանկումը ժամանակավոր բնույթ ունի եւ կապված է գյուղատնտեսական ապրանքների սեզոնայնության հետ։ Հենց այդ նույն գործոնով պայմանավորված՝ հուլիսին սպասվում է բարձր գնաճ։ ԿԲ-ում միայն ընդունել են, որ գյուղատնտեսական ապրանքների սեզոնային գների դինամիկան միտված է ձեւավորելու գնաճային ճնշումներ։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշում կա նաեւ այն մասին, որ անորոշ են եվրոպական արժույթի, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծերը, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, որ միջազգային շուկայում առկա գնանկումային գործընթացները գրեթե չեն անդրադարձել հայաստանյան գների վրա։