Այսօր Երեւանում Հայաստանի եւ Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարները՝ Մուշեղ Թումասյանն ու Մարչին Կորոլեցը ստորագրեցին հայ-լեհական տնտեսական համագործակցության վերաբերյալ արձանագրություն, որին նախորդեց հայ-լեհական գործարար համաժողովը։ Ըստ Մ. Թումասյանի՝ Հայաստանն ու Լեհաստանը կհամագործակցեն ID քարտերի եւ բիոմետրիկ անձնագրերի, արժեթղթերի տպագրության, էներգետիկայի, շինանյութերի արտադրության եւ այլ ոլորտներում։ Քննարկվել են նաեւ «Նաիրիտի» հետ համագործակցության հարցեր։ Լեհական «Կուլցզին Ինվեստմենթ» ընկերության տնօրեն Միլան Սուբոտիչը NEWS.am-ին ասաց, որ շահագրգռված են կաուչուկի մատակարարումներով։ ««Նաիրիտը» Եվրոպայի շուկայում հայտնի ապրանքանիշ է, բայց հիմա «Նաիրիտ» չկա։ Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ ծավալների արտադրանք կթողարկվի, որը մեզ համար կարեւոր է»,-ասաց լեհ գործարարը։ Իսկ այն հարցին, թե հաջողվե՞ց ինչ-որ բան իմանալ՝ նա միայն ուսերը թոթվեց՝ ասելով, որ ոչ մի կոնկրետ բան չլսեցին։

Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2009 թ. կազմել է 34,7 մլն դոլար։ Հայաստանից արտահանվել է 0,7 մլն դոլարի, ներմուծվել 34 մլն դոլարի արտադրանք։ Հայաստանից արտահանվում է կաուչուկ, ալյումին, ներմուծվում՝ եթերային յուղեր, օծանելիք, կոսմետիկ ապրանքներ, թուղթ եւ այլն։