«Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, երկուսուկես տարվա ազատազրկման դատապարտված Ժորա Սափեյանը հուլիսի 29-ին ազատ կարձակվի: Այդ օրը լրանում է նրա ազատազրկման ժամկետը: Նշենք, որ Ժորա Սափեյանի ու նրա եղբոր՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի կառույցի ղեկավար Մկրտիչ Սափեյանի դեմ քրեական գործ  էր հարուցվել 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մի քանի օր հետո Թալինում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով։ 2008-ի հունվարի 27-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինում կազմակերպված նախընտրական հանդիպման ժամանակ  ոմն Սարգիս Կարապետյան վեճի էր բռնվել: Ժորա Սափեյանը, ով այդ ժամանակ Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետն էր, շտաբի մի քանի այլ անդամների հետ Սարգիս Կարապետյանին հեռացրել էին հանրահավաքի վայրից։ Այդ դեպքից երկու օր անց Սափեյան եղբայրներին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քր.օրի 258 հոդվածի 3-րդ մասով՝ «խուլիգանություն»: Մկրտիչ Սափեյանն ազատ է արձակվել այս տարվա հունվարի 29-ին՝ ամբողջությամբ կրելով պատժաչափը:  

Նշենք, որ Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովը մի քանի անգամ մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Ժորա Սափեյանին: