Թվիթերի միկրոբլոգինգի ծառայությունը հաստատել է ZipDial սթարթափի գնումը, հաղորդում է The Wall Street Journal-ը: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում:

Ինչպես հստակեցնում է թերթը, Հնդկաստանում օգտատերերը հաճախ են հավաքում համարը եւ կախում լսափողը՝ նախքան ընկերների կամ ընտանիքի անդամների հետ կապի հաստատումը, եւ ZipDial-ը հնարավորություն է տալիս ընկերություններին տեղեկատվություն ստանալ այդպիսի բացթողնված զանգերի մասին եւ սպառողներին ուղարկել գովազդ:

Վկայակոչելով վերլուծաբաններին՝ պարբերականը նշում է, որ զարգացող շուկաները, այդ թվում՝ Հնդկաստանն ու Բրազիլիան, Թվիթերի համար առանցքային նշանակություն ունեն, քանի որ ընկերությունը փորձում է ներգրավել նոր օգտատերերի եւ «գովազդային դոլարներ», հաղորդում է Gazeta-ն: ZipDial դարձավ Թվիթերի առաջին ձեռքբերումը Հնդկաստանում: 2013թ. ենթադրվում էր, որ միկրոբլոգային ծառայությունը Frrole սթարթափը ձեռք բերելու բանակցություններ էր տանում, սակայն այդ գործարքը չկայացավ: