Ստամբուլի հայ համայնքի փաստաբաններից Սեդրակ Դավութհանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հետ կապված դիմել է Սահմանադրական դատարան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ստամբուլահայ համայնքի մի մասն անհանգստացած է, որ Պոլսո հայոց պատրիարքի հիվանդության հետեւանքով պետության կողմից փոխպատրիարք է նշանակվել։ Հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ Պոլսո հայոց պատրիարքարանի կանոնադրության մեջ չկա փոխպատրիարք հասկացություն եւ պահանջում են պատրիարքի նոր ընտրություն կազմակերպել։
Այս խոսակցություններին գումարվել է եւս մեկը, ըստ որի, Պոլսո հայոց փոխպատրիարք (պատրիարքական ընդհանուր փոխանորդ) արք. Արամ Աթեշյանը հանդիպում է պահանջել Թուրքիայի ՆԳ նախարարի հետ, սակայն Աթեշյանը պնդել է, թե ՆԳ նախարարի հետ իր հանդիպման թեման չի լինելու ընտրությունները։
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւորականներից եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով պատրիարքի ուժեղ թեկնածուներից է, հայտարարել է, թե իրենք կասկածում են, որ արք. Աթեշյանը ՆԳ նախարարի հետ հանդիպել է պատրիարքի ընտրությունների հետ կապված։
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, թե իրենց հիվանդանոցում բուժվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի գլխուղեղում գիտակցական ֆունկցիաները չեն գործում եւ բժշկական տեսանկյունից այն վերականգնել հնարավոր չէ, ուստի պետք է նոր պատրիարք ընտրել։
Հայ համայնքի փաստաբաններից Սեդրակ Դավութհանն էլ դիմել է Սահմանադրական դատարան՝ նշելով, որ Հայոց պատրիարքարանի 550-ամյա պատմության մեջ փոխպատրիարք հասկացություն երբեք չի եղել։




























