Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման նախկին աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են վերջնահաշվարկ ներկայացնել, իսկ մաքրության նոր օպերատոր «Սանիտեկ» լիբանանյան ընկերությունից` վճարել դեկտեմբերին կատարած մաքրման աշխատանքների համար եւ պայմանագրով իրենց աշխատանքի վերցնել:
Անգործ մնացած աշխատակիցները նշում են, որ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի լուծարումից հետո իրենց ստիպել են ազատման դիմում գրել, սակայն վերջնահաշվարկն այդպես էլ չի կատարվել, իսկ «Սանիտեկ» ընկերությունը նախորդ ամսվա աշխատանքի դիմաց գումարի կեսն է վճարել:
«Ստիպեցին, ասեցին՝ դիմում գրեք, որ վերջնահաշվարկ անենք, էդպես արեցին, որ մեր երկու ամսվա գումարը չտան: Հիմա ուզում ենք, որ վերջնահաշվարկ անեն, «Սանիտեկն» էլ մեր գումարի կեսը տա ու գործի վերցնի մեզ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասացին նախկին աշխատակիցները:
Նշենք, որ նախորդ շաբաթ նախագահական նստավայրի մոտ «Կենտրոն մաքրության» աշխատակիցները բողոքի ցույց էին անցկացրել նույն պահանջով: Նրանց ընդունել էր ՀՀ նախագահի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը:
Աշխատակիցների խոսքով` իրենց խոստացել էին աշխատանքի տեղավորել «Սանիտեկ» ընկերությունում, որի ներկայացրած պայմանները, սակայն, աշխատակիցներին չեն բավարարել:
«20-20 հոգով գնացինք, մեր տարածքները չառաջարկեցին մեզ, էնպիսի բակեր տվեցին, որ տարիներով չի մաքրվել, խաբում են, քանի որ մենք մեր տարածքների չափերն ու գինը գիտենք, հենա Չարենցավանից, Մասիսից, Արտաշատից բերած էժան աշխատուժը կօգտագործեն: Խաբեցին մեզ, տարան, որ նախագահականի մոտից ցրվենք: Հիմա դարպասներն էլ չեն բացում, երբ տեսնում են՝ մենք ենք»,- ասացին նրանք:
Անգործ մնացած աշխատակիցները նույն պահանջով հունվարի 22-ին կհավաքվեն նախագահական նստավայրի մոտ:




























