Թեհրանի մետրոյի ուղեւորները անակնկալ կերպով իրենց շարքերում արտգործնախարար Ջավեդ Շարիֆի եւ կառավարության այլ անդամների ուղեկցությամբ նկատել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, հաղորդում է Yahoo News-ը՝ վկայակոչելով AP-ին:

Այսպիսով, բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել են Մաքուր օդի ազգային տոնին, որը ուշադրություն է հրավիրում 12 մլն բնակչություն ունեցող Թեհրանի բնապահպանական խնդիրներին եւ ուղղված է հասարակական տրանսպորտի ժողովրդականացմանը: Ինչպես հաղորդվում է, այդ օրը մետրոյից օգտվել են Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք, այդ թվում Բնապահպանության եւ շրջակա միջավայրի կազմակերպության նախագահ Մասում Իբթիքարը, հայտնում է Newsru.com-ը:

Մետրոյի «Ազադի» կայարանից Ռոհանին մեկնել է «Իմամ Ալի» կայարան՝ ճանապարհին շփվելով ուղեւորների հետ եւ լսելով նրանց խնդիրները:

Թեհրանը Իրանի խոշորագույն քաղաքն է: Ինչպես շատ այլ մեգապոլիսներում, Իրանի մայրաքաղաքը նույնպես մեծապես տուժում է աղտոտված օդից ինչը  շատ հաճախ թոքերի հիվանդությունների պատճառ է դառնում: Խնդիրը բարդանում է  նյրանով, որ Իրաքում ավտոմեքենաների մեծ մասը շահագործվում է անցած դարի  70-80-ական թթ.-ից եւ չի համապատասխանում ժամանակակից բնապահպանական պահանջներին: