6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի ժամանակ այսօր` հունվարի 20-ին, Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գյումրեցիներին կոչ արեց վիշտը տանել լուռ աղոթքով եւ առանց ցնցումների:

«Սերյոժան 7-րդ զոհն էր, 8-րդ զոհը չպետք է լինի: Ոչ մեկի ձայնը չպետք է բարձրանա, առավել եւս ձեռքը: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ հզոր ժողովուրդ ենք, ինչը ապացուցեցինք վերջին օրերին: Սա համազագային ողբերգություն էր եւ սրանով պետք է փակենք ողբերգության այս էջը»,- ասաց Աջապահյանը համոզմունք հայտնելով, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը: 

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: