Beeline-ի եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածը App Store մարքեթում Հայաստանում ներբեռնումների թվով առաջատարն է:    

App Armenia հարթակը եւ հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին: Մեկ ամսում հավելվածը App Store եւ Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 11000 անգամ: App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ եւ այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա է ավելի քան 200 հավելված, 730 պաստառ, 810  ռինգտոն եւ ձայնային ծանուցումների 410 ֆայլ:   

«Այժմ արդեն իսկ կարելի է փաստել, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի հետ համատեղ մեր նախագիծը հաջողված է: Ընդամենը մեկ ամսում ներբեռնումների ռեկորդային թիվը եւ հավելվածն օգտագործողների դրական արձագանքը լավագույն պարգեւատրումն են մեր աշխատանքի համար, եւ մենք երջանիկ ենք, որ նոր ծրագրի շնորհիվ կարողացանք հավելվածն օգտագործողների կյանքը դարձնել ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Ուրախալի է, որ App Armenia-ն լավ մեկնարկ ունեցավ: Համակարգի միջոցով բազմաթիվ հայկական հավելվածների ներբեռնումների քանակն արդեն իսկ հասնում է մի քանի հարյուրի, ինչը վկայում է, որ App Armenia-ն հայկական բջջային նախագծերի աջակցության արդյունավետ գործիք է: App Armenia համակարգի զարգացման աշխատանքերն այժմ եւս ընթանում են, եւ առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ եւ ձայնային բովանդակություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web եւ Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել եւ ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia  բջջային հավելվածը հասնելի է  Android եւ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար եւ այն կարելի է ներբեռնել Play Store եւ App Store մարքեթներից։  App Armenia նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։