Որ հայաստանցիները վերջին տարիներին իրենց արձակուրդները նախընտրում են կազմակերպել առավելապես արտերկրի հանգստավայրերում, թերեւս գաղտնիք չէ։ Որ նրանք ստիպված են նման կերպ վարվել հայաստանյան հանգստյան տների եւ հյուրանոցների՝ մեղմ ասած բարձր, որեւէ տրամաբանությամբ չհիմնավորված գների  պատճառով, եւս ակնհայտ է։

Ինչեւէ, դատելով ներգնա զբոսաշրջության փաթեթների եւ ուղեգրերի՝ մեր երկրում ամրագրված միջին գներից՝  հայաստանյան հանգստավայրերը, ինչպես երեւում է, հավակնում են մի քանի տարի անց մնալ առանց այդ էլ փոքրաթիվ հաճախորդների։

Հայաստանում ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող մեկ տասնյակին մոտ գործակալությունների ներկայացուցիչների հետ զրույցում  NEWS.am-ի թղթակիցը պարզեց, որ հուլիսի 13-ի դրությամբ դրանց Հայաստանում հանգստանալ ցանկացողներ գրեթե չեն դիմել։ «Դի էնդ Վի» գործակալության ներկայացուցիչն, օրինակ, ասաց, որ իրենք մինչ այժմ ներգնա զբոսաշրջությամբ հետաքրքրված խմբեր չեն ունեցել։ «Եթե հաշվի առնենք, որ հայաստանյան հանգստյան տներում մեկ անձի մեկօրյա կեցության միջին արժեքը կազմում է 25-30 հազար դրամ, ապա զարմանալի չէ, որ նման պայմաններով հանգստանալ ցանկացողների թիվը խիստ փոքր է»,- նշեց գործակալության ներկայացուցիչը՝ հավելելով, որ թեպետ իրենք իրենց հաճախորդներին պատրաստ են առաջարկել նաեւ օրական 18 հազար դրամ արժեքով հյուրանոցային համարներ, սակայն դրանք կլինեն ոչ այնքան հարմարավետ պայմաններով եւ առանց սնունդի։ «Այն գնով (կամ նույնիսկ ավելի ցածր), որով մեր հաճախորդներին հանգիստ ենք առաջարկում Հայաստանի ներսում, պատրաստ ենք փաթեթներ եւ առանձին ուղեգրեր առաջարկել նաեւ արտասահմանում հանգստանալու համար։ Եւ բնական է, որ մարդիկ այդ դեպքում նախընտրում են արտասահմանում հանգստանալու տարբերակը»,- ամփոփեց նա։

«Երեւան տուր» գործակալությունից փոխանցեցին, որ հայաստանյան ուղղություններից առավել պահանջված են մնում Դիլիջանը, Սեւանը, Ջերմուկն ու Աղվերանը։ «Օրինակ՝ Աղվերանում կարող ենք հյուրանոցային սենյակներ տրամադրել օրական 4000-5000, Սեւանի քոթեջներում՝ 2000 դրամ վարձավճարով՝ իհարկե առանց սնունդի»,- նշեց «Երեւան տուր»-ի ներկայացուցիչը՝ չմոռանալով հավելել, որ լավագույն առաջարկներն իրենց մոտ սկսում են 30-40 հազար դրամից։

«Արարատ տուր»-ի ներկայացուցիչն էլ ասաց, որ իրենց հաճախորդները՝ լսելով, որ օրինակ Ջերմուկի առողջարաններից մեկում մեկ օրվա հանգստի համար իրենց գրպանը կարող է թեթեւանալ մինչեւ 60 հազար դրամով, գերադասում են արտասահմանյան փաթեթներ ձեռք բերել։

«Այսօրվա դրությամբ իրենց հանգիստը Հայաստանում կազմակերպել ցանկացողների խմբեր դեռեւս չունենք։ Ակնկալում ենք, որ նրանք կլինեն մոտակա 10 օրերի ընթացքում։ Մարդիկ, գրեթե նույն գումարները, դեռ մի բան էլ պակաս ծախսելով՝ ավելի շատ նախընտրում են հանգստանալ արտերկրում»,- համոզմունք հայտնեց «Ջոել թրեվլ»-ի տնօրենը։

Նույն տեսակետը հայտնեց նաեւ «Բոմոնդ» տուրիստական գործակալության ներկայացուցիչը, ով տեղեկացրեց, որ իրենց հաճախորդները բառացիորեն սարսափում են Ջերմուկում մեկ օր հանգստանալու դիմաց մինչեւ 80 հազար դրամ վատնելու մտքից եւ խնդրում դրա փոխարեն իրենց ուղարկել Թունիս, Եգիպտոս կամ Բուլղարիա։ «Այո, մի զարմացեք, նման գին իրոք գոյություն ունի»,- NEWS.am-ի թղթակցին խնդրեց չզարմանալ «Բոմոնդ»-ի ներկայացուցիչը։

Դե իսկ վերջում՝ «Յոթ օր» տուրիստական գործակալության տնօրեն Արայիկը (ով չցանկացավ նշել իր ազգանունը) տեսակետ հայտնեց, որ հայերը Հայաստանում չեն ցանկանում հանգստանալ այն պարզ պատճառով, որ չեն սիրում իրենց երկիրը։ «Մեզ մոտ քաղաքացիական հասարակությունը ձեւավորված չէ։ Շատերը գերադասում են գնալ Անթալիա, ավազների վրա պառկած պաղպաղակ ուտել եւ համարել, որ այդ ամառ լավ հանգստացան, մինչդեռ կարող են իրենց հանգիստը կազմակերպել իրենց իսկ հայրենիքում, այդ թվում՝ Ղարաբաղում»,- ամփոփեց նա։