Այսօր՝ հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում տրամադրվել է շուրջ 100 վարկ մոտ 1 մլրդ դրամի չափով։ Վարկերի շուրջ 80 տոկոսը տրամադրվել է Երեւան քաղաքում, իսկ 20 տոկոսը` մարզերում։

Տիգրան Սարգսյանը մատնանշել է մարզերում երիտասարդ ընտանիքների կողմից վարկերից օգտվելու ցածր ցուցանիշը։ Ընդգծելով տարածքային համաչափ զարգացման կարեւորությունը` կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մարզաբնակ երիտասարդ ընտանիքների համար օգոստոս ամսվա ընթացքում պատրաստել 2010 թ. հունվարի 29-ին կառավարության հաստատած հիշյալ պիլոտային ծրագրի պայմանների փոփոխման մասին որոշման նախագիծ, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը` մարզերում ակտիվացնել հանրային իրազեկման գործընթացը։

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախատեսված 3 մլրդ դրամը մինչեւ տարեվերջ կիրացվի ամբողջ ծավալով: