Ավարտվել է ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքի առաջին փուլը: Հայաստանում ԵՄ հետ համագործակցության նման ձեւաչափն առաջին անգամ է ներդրվել: Հետագայում այն ներդրվելու է Մոլդովայում, Վրաստանում եւ այլ երկրներում:

Ինչպես հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունը ներառում է բարեփոխումներ ավելի քան 190 ոլորտներում: Խումբը, որի կազմում ընդգրկված են 18 անդամներ, մեծ աջակցություն է ցուցաբերել բարեփոխումների իրականացմանը: Ամփոփելով խմբի մեկամյա գործունեության արդյունքները՝ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է երեք հիմնական ուղղությունները.

«Քաղաքական համագործակցության համատեքստում մենք կարողացել են խորացնել Հայաստան-ԵՄ փոխգործակցութայն մակարդակը, որի շրջանակներում շարունակվում են խորհրդակցությունները բարձր մակարդակով: Մենք կարողացել ենք Դիվանագիտական ակադեմիա հիմնել: Դա խորհրդատվական խմբի աշխատանքի արդյունքներից մեկն է»,- ասել է  Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ լուրջ քայլեր են կատարվել ԵՄ երկրների վիզաների ստացումը հեշտացնելու ուղղությամբ:

«Գլխավոր ձեռքբերումը՝ ԵՄ-ին Հայաստանի ասոցիացված անդամության նախապատրաստումն է, ինչը հնարավորություն կտա ավելի բարձր մակարդակի հասցնել մեր համագործակցությունը»,- ասել է նա:

«Սերտ համագործակցության երկրորդ ոլորտը վերաբերում է արդարադատությանը, անվտանգությանն ու ազատություններին»,- նշել էԲաղդասարյանը: Նրա խոսքով, այս տարի ավարտվում է Հայաստանում մարդու իրավունքների ազգային ծրագրի մշակումը, այդ թվում՝ ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ:

Երրորդ ոլորտը ԵՄ երկրների հետ ազատ առեւտրի հարցերն են:

Իր հերթին ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բենկեն նկատել է, թե ծրագիրը չի ավարտվում եւ կշարունակվի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբ ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. նոյեմբերին Բրյուսել կատարած այցի ընթացքում: