Չնայած Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին եւ զինադադարի խախտման դեպքերին՝ ղարաբաղյան պատերազմի վերսկսմանն սպասելն իրատեսական չէ։ Հուլիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով, պատերազմական դրությունն այժմ էլ շարունակվում է։ «Եթե կողմերի միջեւ զինադադար է կնքված, դա արդեն իսկ նշանակում է, որ պատերազմն ընթացքի մեջ է՝ պարզապես ժամանակավոր դադարով»,- նշեց Հայրիկյանը։ Նրա համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ռազմավարական փոփոխություններ չեն արձանագրվել, եւ վիճակն այնպիսին է, ինչպիսին 90-ականներին էր։
«Խնդրի կարգավորման հարցում տեսականորեն նոր քայլեր չեն արվել։ Հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ հակամարտող կողմերն առաջնորդվեն միջազգային իրավունքով»,- համոզմունք հայտնեց ԱԻՄ նախագահը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենց ուսերին «իներցիոն բեռ» են տանում, որը ժառանգել են նախկին ուժերից։ «Դեռ այն ժամանակ հայաստանյան իշխանությունները պետք է հայտարարեին, որ մեր երկրի սահմանները թշնամու կողմից պարտադրվել են միջազգային իրավունքի խախտման ուժով, ոչ թե նշեին, որ եղած սահմանները լավ են, լրիվ բավական»,-ընդգծեց Պարույր Հայրիկյանը՝ նկատելով, որ մինչ այժմ գտնվում ենք նախկին իշխանությունների թույլ տված սխալների բեռի տակ։ «Ինչ վերաբերում է ներկայիս իշխանություններին, ապա նրանք պետք է ուժ ունենան հրաժարական տալ, մյուսները համախմբվեն նոր ուժի շուրջը։ Ես դրա մասին մեկ անգամ արդեն ակնարկել եմ՝ նշելով, որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ որեւէ նոր նախագահ ի վիճակի չէ փոխել Հայաստանի ընտրած սխալ ռազմավարությունը. դա կարող է անել անցյալի հարուստ փորձառություն ունեցող մի ուժ, որն էլ նոր ուղեգծի պայմաններում հնարավորություն կունենա ինչ-որ բան փոխել»,- նկատեց ԱԻՄ նախագահը։
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարների՝ հուլիսի 16-17-ը Ալմաթայում կայանալիք հանդիպումից, որի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հարցը, Հայրիկյանը նշեց, որ այդօրինակ հանդիպումները իմիտացիոն բնույթ են կրում եւ նպատակ ունեն ցույց տալ, թե հակամարտության խաղաղ կարգավորման փորձերը շարունակվում են։ «Հանդիպումներն իրենցով վատ չեն։ Եթե դրանք կան, նշանակում է փոխզիջումային հարցեր եւս առկա են։ Սակայն էական ակնկալիքներ այդ հանդիպումից ես չունեմ» ,- ասաց ԱԻՄ նախագահը՝ չմոռանալով շեշտել, որ նմանօրինակ հանդիպումների ժամանակ Հայաստանը պետք է ընդգծի, որ ղարաբաղյան հարցում Հայաստանն ընդամենը միջնորդ կողմ է, եւ բանակցային գործընթացին պետք է մասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղը։
Նշենք, որ հուլիսի 16-ից 17-ը Ալմաթայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հանդիպումը։




























