«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է  վճարումների ընդունման նոր համակարգի գործարկման մասին, ինչը զգալիորեն կհեշտացնի Beeline ցանցում հաշվի վերալիցքավորման եւ ծառայությունների դիմաց վճարման գործընթացը: Այսուհետ, Ընկերության դիլերները Երեւանի եւ մարզերի մասնագիտացված եւ ոչ մասնագիտացված վաճառքի կետերում իրական ժամանակում կարող են ընդունել եւ փոխանցել հաճախորդի հաշվին անհրաժեշտ գումար:

«Հաշվի լիցքավորում» ծառայության միջոցով վճարումների ընդունման համակարգը հասանելի է Երեւանի ավելի քան 250 եւ մարզերի 650 կետերում: Այդ կետերն են` բջջային հեռախոսների վաճառքի գծով մասնագիտացված խանութներ, սուպերմարկետներ, մթերային խանութներ եւ կրպակներ: Ծառայությունը ոչ միայն հնարավորություն է տալիս վերալիցքավորելու կանխավճարային քարտը, այլեւ կատարելու վճարումներ բջջային կամ ֆիքսված հեռախոսակապի, 3G Ինտերնետ կամ Hi-Line ծառայությունների դիմաց 10 դրամից մինչեւ 500000 դրամի չափով: Փոխանցման համար միջնորդավճար չի գանձվում:

«Կապի միասնական օպերատորի այս նոր առաջարկը բաժանորդին հնարավորություն է տալիս  հարմար վայրում ամենաօպտիմալ տարբերակով վճարել կապի ծառայությունների դիմաց, վերալիցքավորել ինչպես իր, այնպես էլ ընկերների կամ բարեկամների հեռախոսահամարները»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Խանութում կամ կրպակում համապատասխան տեղեկատվական պաստառի առկայությունը նշանակում է, որ այնտեղ գործում է վճարումների ընդունման կետ: Հետագայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել վճարումների ընդունման կետերի քանակը ողջ երկրում: