Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 14-ին հանդիպել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուն:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ: 

Լեհաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ասել է, թե Լեհաստանը կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացումը, առկա ներուժի օգտագործումը եւ իր այցի հիմնական նպատակն է գործուն քայլեր կատարել այդ ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Սիկորսկին գոհունակությամբ արձանագրել են համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ:

Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ պայմանավորվել այդ նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկել:

 Էդվարդ Նալբանդյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը: Հյուրի խնդրանքով  նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Երկուստեք նշվել է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի:  

Լեհաստանի արտգործնախարարn այցելել է նաեւ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ուր ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: