Apple Watch խելացի ժամացույցները նախատեսված են 2.5-4 ժամ ակտիվ օգտագործման համար: Այս մասին գրում է 9to5Mac-ը՝ վկայակոչելով Apple Watch-ի մշակման գործընթացին ծանոթ աղբյուրների:
Մինչեւ հիմա Apple-ը չէր հստակեցնում, թե որքան կարող է ժամացույցն առանց լիցքավորման աշխատել: Աղբյուրի համաձայն, սկզբում ընկերությունը նախատեսում էր, որ Apple Watch-ը կկարողանա առանց լրացուցիչ լիցքավորման աշխատել մեկ օր: Մշակողների մտահղացմամբ, ժամացույցը պետք է 2.5-4 ժամ աշխատի հավելվածների ակտիվ օգտագործման ռեժիմով եւ շուրջ 19 ժամ՝ կոմբինացված ռեժիմով:
Apple-ը նաեւ հույս ուներ, որ ժամացույցը կկարողանա 3 օր շարունակ աշխատել բացառապես սպասման ռեժիմով կամ 4 օր քնած ռեժիմով: Սակայն, ըստ Lenta-ի, այդ ռեժիմներով սարքը կկարողանա աշխատել առավելագույնը 2-3 օր:
Apple Watch-ի վաճառքի մեկնարկի մասին հստակ տեղեկություններ դեռեւս չկան: Սակայն լրատվամիջոցները հաղորդում են, որ սարքը շուկայում կհայտնվի արդեն մարտի վերջին:




























