Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ ԼՂ խնդրի հարցում որեւէ զիջում չի կարող արվել եւ որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել՝ այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ ԼՂ հարցի լուծումը չունի այլընտրանք եւ այն պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ճանաչի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչից հետո կարելի է խոսել նաեւ փոխզիջումների մասին»,-նշեց պատգամավորը: Նա նաեւ հավելեց, որ ԼՂ բանակցային գործընթացը պետք է հիմնվի երկու կարեւոր սկզբունքների վրա՝ Հայաստանի հետ ցամաքային կապ եւ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովում: «Եթե այս երկու սկզբունքները կյանքի կոչվեն, ապա կարելի է նաեւ փոխզիջումների՝ տարածքների զիջման մասին խոսել»,-նշեց Մինասյանը՝ հավելելով, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք ազատագրվել են՝ հետագայում բանակցային գործընթացում զիջելու համար: Ինչ վերաբերում է Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի շրջաններին, ապա այդ տարածքների հարցը, ըստ պատգամավորի, պետք է քննարկվի բանակցային գործընթացում եւ դրանք գուցե միացվեն ԼՂ-ին: Իշխանական գործիչն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ նշելով, թե դրանք ներքին սպառման համար են:
«Ադրբեջանի իշխանություններն այնքան ունեցվածք են դիզել նավթադոլարների միջոցով, որ այժմ ստիպված են նման հայտարարություններով հանգստացնել սեփական ժողովրդին, թե պատերազմ են սկսում, Ղարաբաղը ետ են բերում»,-նշեց Մինասյանը՝ ընդգծելով, թե ադրբեջանական իշխանական կլանը շատ լավ գիտի, որ պատերազմ սկսելու դեպքում այն տանուլ է տալու՝ տանուլ տալով նաեւ կուտակած միլիարդների հարստությունը: Հարցին, թե հայ-ադրբեջանական շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադե՞պն էլ էր Ադրբեջանը հրահրել ներքին սպառման համար, Մինասյանն արձագանքեց՝ նշելով, թե այդ միջադեպն իրեն հիշեցնում է բուդապեշտյան հայտնի միջադեպը, երբ հարձակվում են քնած ու անպաշտպան մարդու վրա ու սպանում նրան: Մինասյանի համոզմամբ ադրբեջանական կողմն այդ միջադեպի հետեւանքով եւս զոհեր է ունեցել, սակայն ոչ բոլոր դիակներին է կարողացել տանել իր հետ ու դիակներից մեկը ստիպված են եղել թողնել դեպքի վայրում: Իշխանական պատգամավորն ընդգծեց նաեւ, թե Ադրբեջանը քաջ գիտի, որ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ իրականացնելու դեպքում չի բացառվում, որ հայկական կողը նոր տարածքներ կազատագրի:




























