Google եւ Facebook ընկերությունները 2014թ. արդյունքներով ռեկորդային գումարներ են ծախսել ԱՄՆ-ի իշխանության դաշնային մարմիններում իրենց շահերի լոբբինգի համար:
Google-ը մեկ տարվա ընթացքում ռեկորդ է սահմանել՝ լոբբինգի վրա ծախսելով 16,8 մլն դոլար՝ մեկ միլիոնով ավելի, քան նախորդ տարում:
Amazon-ը ծախսերը մեծացրել է 37 տոկոսով՝ հասցնելով 4.7 մլն դոլարի։ Apple-ը ծախսել է 4.1 մլն՝ 2013-ի համեմատությամբ 21 %-ով ավելի։ Սակայն ծավալի ամենամեծ թռիչք է գրանցել Facebook-ը. ընկերությունը լոբբինգի ծախսերը մեծացրել է 45%-ով՝ հասցնելով 9,3 մլն դոլարի։ Այդ մասին հաղորդում է Lenta.Ru –ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Սենատի Lobbying Disclosure Act Database բազայում հրապարակված տվյալներին:
Միեւնույն ժամանակ, ոչ բոլոր տեխնոլոգիական ընկերություններն են հարկ համարել ավելացնել լոբբինգի ծախսերը: Այսպես, Microsoft-ը ծախսերը նվազեցրել է 20%-ով՝ մինչեւ 8,3 մլն դոլար, IBM-ը՝ 16%-ով՝ մինչեւ 5 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, լոբբինգի վրա կատարած ԱՄՆ-ի 15 խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ծախսերը 2014թ. նվազել են 3%-ով՝ մինչեւ 116,6 մլն դոլար:




























