Հայաստանի կառավարությունում այսօր՝ հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու` պիլոտային եւ հիմնական փուլով իրականացվող ծրագիրն ուղղված է Հայաստանի կառավարության կողմից ընդունված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության իրականացմանը` նպատակ ունենալով նպաստել բնակչության համակարգչային հագեցվածության ապահովմանը եւ ինտերնետի հասանելիության աճին։

 Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի 2009 թ. սեպտեմբերին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։ Ներկայացվել են պիլոտային փուլի հիմնական ցուցանիշները, մասնավորապես, համակարգիչների վաճառքի, սպասարկման եւ ապառիկ վաճառքի պայմանները։