Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին  ընդունել  է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը  նշել է,  թե  վերջին շրջանում նկատվում է հայ-լեհական հարաբերությունների ակտիվացում։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությանը հետաքրքրված է Լեհաստանի հետ տնտեսական  հարաբերությունների ամրապնդմամբ եւ  աշխուժացմամբ։ Վարչապետը ողջունելի է  համարել  նման հանդիպումները, նշելով, որ  հայ-լեհական  տնտեսական  համագործակցությունը  զարգացնելու  զգալի  ներուժ գոյություն  ունի, որը լիարժեք օգտագործված չէ։

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-լեհական քաղաքական հարաբերությունները եւ նշել, որ  երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերերությունը եւս պետք է հասցվի նույն մակարդակին։

 Զրուցակիցներն  անդրադարձել են հայ-լեհական  քաղաքական եւ տնտեսական գործակցության  խորացման հարցերին։ Նշվել է, որ ԵՄ Արեւելյան գործընկերությունը նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի եւ ԵՄ-ի ու նրա  անդամ երկրների միջեւ համագործակցությունը։ Բարձր է գնահատվել Լեհաստանի  կարեւոր  ներդրումն ու  դերակատարությունն այս հարցում։

Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել հանքահումքային արդյունաբերության, մասնավորապես` պղնձի, մոլիբդենի, բազալտի, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտներն ու դրանցում  ներդրումներ կատարելու հնարավորությունները։