Անդրադառնալով Սյունիքի մարզում ուրանի արդյունահանման խնդիրներին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր հայտարարեց, որ միայն պաշարները ճշտելուց հետո կորոշեն՝ արդյունավե՞տ է հանքավայրի շահագործումը, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ դեռ 2 տարի է պետք հետախուզման եւ ուսումնասիրությունների համար։ Կապանի ավագանու եւ բնապահպանական կազմակերպությունների բացասական վերաբերմունքի հետ կապված՝ նախարարը կտրուկ հայտարարեց, որ հետախուզական աշխատանքները չեն դադարեցնի՝ «պետք է իմանանք՝ մեր երկրում ինչ ունենք, ինչ չունենք» պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլին «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» Հայաստանում 5 տարով ուրանի հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիա է ստացել: Ընկերության հիմնադիրներն են «Ռոսատոմը» եւ Հայաստանի կառավարությունը` հավասար մասնաբաժիններով: Աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի մերձակայքում։ Նախնական գնահատականներով՝ ուրանի պաշարները կարող են կազմել մոտ 30 հազ. տոննա։




























