Այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձել է էներգետիկայի ոլորտի հայ-իրանական մի շարք խոշոր նախագծերի, որոնց իրականացումը կսկսվի առաջիկա ամիսներին։

Մասնավորապես՝ 1 ամսից տեղի կունենա Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքը, աշնանը կսկսվի նավթամթերքի խողովակաշարի շինարարությունը։ Երրորդ նախագիծը վերաբերում է էլեկտրաէներգիայի փոխանցման բարձր լարման գծերի շինարարությանը։

Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Մեղրիի ՀԷԿ -ի շինարարությունը կարժենա մոտ 300-350 մլն դոլար։ Շինարարությունը կիրականացվի իրանական կողմի միջոցներով եւ իրանական կազմակերպության կողմից։ Հայաստանն այնուհետեւ էլեկտրաէներգիայի մատակարարումների հաշվին կփոխհատուցի իրանական ներդրումները։ Մովսիսյանն ասաց, որ նորակառույց ՀԷԿ -ի օգտակար գործողության գործակիցը բարձր կլինի՝ այն 140 մեգավատ հզորության պայմաններում կարտադրի տարեկան 800-850 մլն կվտ/ժամ էլեկտրաեներգիա։ Համեմատության համար՝ Հայաստանի խոշորագույն Որոտանի ՀԷԿ -ն ունի 400 մեգավատ հզորություն, սակայն տարեկան արտադրում է 1 մլրդ կվտ/ժամ էլեկտրաեներգիա։

Հայաստան-Իրան նավթամթերքի խողովակաշարի կառուցման արժեքը 160 մլն դոլար է։ Ա. Մովսիսյանի տվյալներով՝ խողովակաշարը 50 տոկոսով կպատկանի Հայաստանին, 50 տոկոսով՝ Իրանին։ Սակայն շինարարությունը ամբողջապես կֆինանսավորվի իրանական աղբյուրներից, հայկական կողմը այնուհետեւ կփոխհատուցի իր շահույթների հաշվին։ Այս նախագիծը, ըստ նախարարի, հնարավորություն կտա նավթամթերք ձեռք բերել Պարսից ծոցի գներով։ «Աշխարհում նավթամթերքի մի քանի բորսաներ կան, դրանցից մեկը Պարսից ծոցի բորսան է։ Եվրոպական գների համեմատ այնտեղ 15-20 դոլարով էժան է»,- նշեց նախարարը։ Բացի այդ՝ խողովակաշարով ներմուծումը 3-4 անգամ էժան կլինի տրանսպորտային մյուս միջոցների համեմատությամբ եւ ավելի հուսալի է։ Մովսիսյանը հերքեց այն մտավախությունները, որ խողովակաշարից կօգտվեն առավելապես նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող եւ մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունները։ «Մեծածախ առեւտուրը կիրականացվի մրցույթային կարգով»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հայ-իրանական երրորդ նախագծին՝ բարձր լարման գծերի շինարարությանը, ապա դրա արժեքը գնահատված է 100-150 մլն եվրո։ Հայտնի է նաեւ կապալառու կազմակերպությունը՝ դա իրանական «Սամիր» ընկերությունն է, որը մտնում է Իրանի էներգետիկայի նախարարության կառուցվածքի մեջ։