Անչափահաս երեխային հանրապետության սահմաններից  դուրս հանելու համար ծնողներից մեկն անպայմանորեն պետք է ունենա մյուսի՝ դրան տեղյակ եւ համաձայն լինելու մասին համապատասխան փաստաթուղթը, հակառակ դեպքում չի կարող երեխային երկրից դուրս տանել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։
Նրա խոսքով, նույնի (փոխադարձ համաձայնության) կարիքը չկա անչափահասի անձնագրի ձեռբերման հարցում։ «Այս դեպքում կնոջ կամ ամուսնու թույլտվության կարիքը չկա, եւ գործարքը կարող է իրականացվել երեխայի ծնողներից միայն մեկի կամ երեխայի օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա»,- նշեց անձնագրային եւ վիզաների վարչության պետը՝ ավելացնելով,  որ անչափահասներին անձնագիր տրվում է երեք տարի վավերականության ժամկետով։

«Ընդ որում, անձնագրի բլանկի համար ծնողը պարտավոր է վճարել 1000, իսկ երեք տարվա ելքի թույլտվության համար համապատասխանաբար 3000 դրամ։ Եթե երեխայի 16 տարին դեռ լրացած չէ եւ նա ընդամենը 15 տարեկան է, ապա նա անձնագիրը ստանում է երեք տարով եւ այն կարող է օգտագործել մինչեւ 18 տարեկանը։ Այդ դեպքում կարիք չկա 16 տարեկանում նոր անձնագիր հանել։ Իսկ եթե երեխան անձնագիր ստանում է 16 տարեկանում (սովորաբար այդ տարիքում է մարդը առաջին անգամ անձնագիր ստանում), ապա դրա վավերականության ժամկետը  համապատասխանաբար տասը տարի է լինում»,-ամփոփեց Նորայր Մուրադխանյանը։