Տարօրինակ կլիներ,  եթե Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Ալմա –Աթայում հնարավոր հանդիպումից առաջ պարոն Ալիեւը խախտելով ավանդույթը  հանդես չգար հերթական հայտարարություններով՝ ուղղված ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր առաջընթացի վիժեցմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները:

«Նոր չեն Ադրբեջանի իզուր փորձերը  սուր ճոճելով խլացնելու իր կողմից միջազգային իրավունքի անդադար այլասերումը, պատմության լիակատար խեղաթյուրելու եւ սեփական աշխարհագրության  անզուսպ ընդլայնումը»,- նշել է Քոչարյանն ու հավելել. «Սակայն, երբ ժառանգաբար իշխանություն ստացած եւ այդ իշխանության անփոփոխելիությունը սահմանադրորեն ապահոված նախագահը  պնդում է, որ ադրբեջանական պետությունը կառուցված է Եվրոպայի ամենաառաջատար փորձի վրա ապա ցանկացած մեկնաբանություն ավելորդ են»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը կառավարության նիստի ժամանակ հերթական ռազմատենչ հայտարարություններն է արել՝ մասնավորաբար նշելով, թե «առանց Ադրբեջանի համաձայնության անհնար է Ղարաբաղին որեւէ կարգավիճակ տրամադրել, եւ այս հարցը բանակցությունների անբաժանելի մասն է կազմում»: