Հայաստանի կառավարությունում այսօր՝ հուլիսի 14-ին կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում ներկայացվել է տեսչական բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, զեկուցվել է 2010 թ. հունվար-հունիս ամիսներն ընդգրկող ժամանակաշրջանում տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործողությունների եւ արդյունքների մասին:

Քննարկվել է պետական վերահսկողության մասին օրենքի նախագծի տարբերակը: Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները եւ դիտողությունները գրավոր ներկայացնել տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբին:

Խորհուրդը հաստատել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կազմը: Որոշ դիտողություններով ու ձեւակերպումների վերանայումներով հանդերձ հաստատվել է նաեւ խորհրդի աշխատակարգը:

Ի գիտություն են ընդունվել պետական հրդեհային տեսչությունում ռիսկի վրա հիմնված համակարգի ներդրման ծրագրի ու տեսչական բարեփոխումների մոնիտորինգի եւ գնահատման ծրագրի վերաբերյալ զեկույցները: