Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հուլիսի 14-ին հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀԱԿ մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանի քաղաքական խնդիներ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ներկա փուլն ու հեռանկարները:
Հատուկ անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին եւ Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրներին, ժողովրդավարության ներկա մակարդակին եւ Հայաստանում խորացող կոռուպցիայի պատճառներին, Եվրոպական Միության եւ եվրոպական այլ կառույցների դերին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդրիսլավ Ռաչինսկին եւ Լեհաստանի ԱԳՆ Արեւելյան դեպարտամենտի փոխտնօրեն Մայքլ Լաբենդան:



























