Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նրան առաջադրված կաշառքը ստանալու մեղադրանքը կարող է  փոխվել եւ առաջադրվել մեղադրանք խարդախության հատկանիշներով:  Բանն այն է, որ սնանկության գործով, որի շրջանակներում էլ նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, գրավի տակ գտնվող գույքը ոչ մեկ չի կարող վաճառել, դա գրավառուի գույքն է, որը ամեն րոպե կարող է վերցնել: Իսկ քանի որ կաշառք վերցնում են ինչ-որ գործողություններ անելու համար եւ դատավորը առանց գրավառուի համաձայնության չէր կարող որեւէ բան անել, այս հանգամանքն էլ կարող է դրվել մեղադրանքի վերաորակման հիմքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել  Արդարադատության խորհուրդ, որը բավարարվել է: Դատավորը կալանավորված է: