Հայկական նոր IT արտադրանքը կարող է տաքսի ծառայությունների ինքնարժեքն ավելի էժան դարձնել եւ կրճատել քաղաքում խցանումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Սահակյան սմարթ սիսթեմս» IT ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը:
Խոսքը տաքսիների երթուղիների օպտիմալացման համակարգի մասին է, որը յուրաքանչյուր մեքենային թույլ կտա սպասարկել ամենամոտ ուղեւորին: «Որպես օրինակ՝ պատկերացրեք, որ մի տաքսին ծայրամասից կենտրոն է ուղեւորվում, իսկ երկրորդը՝ կենտրոնից ծայրամաս, յուրաքանչյուրը՝ իր ուղեւորով: Նրանք կարող են փոխանակել ուղեւորներին, բայց չէ՞ որ իրենք այդ մասին չգիտեն: Այդ պատճառով Երեւանի պայմաններում մեկ օրվա ընթացքում նրանք ստիպված են լինում տասնյակ կիլոմետրեր առանց ուղեւորի երթեւեկել: Իսկ այս համակարգով նրանք ամեն անգամ կարող են պատվերի դեպքում սպասարկել իրենց ամենամոտ գտնվող ուղեւորին»,- նշեց Սահակյանը:
Նշենք, որ երեւանյան տաքսիները գրեթե 50%-ով առանց ուղեւորի են երթեւեկում, իսկ երբեմն՝ նույնիսկ 60-70% դեպքերում, իրենց ժամանակի եւ վառելիքի հաշվին: Դրա կրճատման հաշվին տաքսի ծառայությունները կարող են 50%-ով ավելացնել իրենց եկամուտները՝ չավելացնելով սակագինը: Դա թույլ կտա նաեւ նվազեցնել քաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը, ընկերության տվյալներով՝ 12%-ով, ինչպես նաեւ արտանետումների ծավալները:
Համակարգից կարող են օգտվել նաեւ ուղեւորները՝ այն ներբեռնելով իրենց բջջային հեռախոսներում: Դրա շնորհիվ նրանք կարող են տեսնել մոտեցող տաքսիի գնացուցակը եւ հաշվիչի ցուցումը, ինչից հետո էլ վճարել ուղեվարձը:
«Փոխգործակցության» համակարգի համար տաքսիստները ստիպված կլինեն նոր հաշվիչներ տեղադրել, որոնք նույնպես պատրաստում է «Սահակյան սիսթեմս»-ը: Առաջարկվող հաշվիչը սովորականից զգալիորեն ավելի թանկ է. 400 դոլար՝ 100-ի փոխարեն, սակայն միանգամից մի քանի սարք է ներառում. տեսաձայնագրիչ, GPS, Wi-Fi ռոութեր, գողությունների դեմ համակարգ, ուղեւորի առկայության ցուցիչ եւ այլն: «Ուրախալի է հատկապես այն, որ մեր համակարգում ամեն ինչ հայկական է եւ այստեղ է ստեղծվելու»,- հայտարարեց Սահակյանը՝ հավելելով, որ հաշվիչների նախատիպն արդեն պատրաստ է:
Ի դեպ, գործարանը հանրապետության հեռավոր շրջանում է՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում: «Տեսնենք, թե ինչպես դա կարելի է անել Եվրասիական միությունում»,- ժպիտով հավելեց Սահակյանը:




























