Ուկրաինայի զբոսաշրջության եւ առողջավայրերի պետական ծառայությունը դիմել է երկրի քաղաքացիներին՝ խնդրելով ժամանակավորապես զերծ մնալ Թուրքիա մեկնելուց: Ինչպես նշել է գերատեսչության մամուլի քարտուղար Լեոնիդ Մեդյանոյը, դա կապված է ուկրաինական զբոսաշրջության շուկայում ստեղծված իրավիճակի հետ:
Ուկրաինացի տուրֆիրմաների թուրք գործընկերները տնտեսական բարդությունների պատճառով վերջին շրջանում ավելի հաճախ են ձախողում Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկների հանգիստը: Հյուրանոցներում ապրելու համար նախատեսված գումարները, որ վաղուց փոխանցվել էին Թուրքիա, ուղղակի չեն փոխանցվում հյուրանոցների հաշիվներին:
«Կարյա-տուրի» սնանկացման տեղեկությունից հետո Թուրքիայում հանգստանալու պահանջարկը զգալի նվազել է: Լուրեր են տարածվել, որ այլ ընկերություններ եւս գտնվում են սնանկացման եզրին, եւ զբոսաշրջիկները կարող են լուրջ խնդիրներ ունենալ: Իրավիճակը կայունացնել չի հաջողվում:
«Կարյա-տուրն» իր սնանկացման մասին հայտնել է հուլիսի 9-ին: Դրանից հետո հանգստացողներին սկսել էին ուղղակի դուրս շպրտել հյուրանոցներից:




























