Թուրքիայի Վան քաղաքում ապրող զույգը իրենց պսակադրությունը իրականացրել է Վանա լճում`  նավի վրա, իսկ հարսանեկան արարողությունը` Աղթամար կղզում:

Փեսացուն նախօրոք պայմանավորվել էր ամուսնությունը գրանցող մարմնի հետ, եւ նավ էր վարձել` պսակադրությունը Վանա լճում իրականացնելու համար:  Փեսացուն հարսին անակնկալ մատուցելու համար չէր տեղեկացրել  իր մտադրության մասին, եւ հարսնացուի աչքերը կապած բերել էր նավահանգիստ:  

Հենց լճում` նավի մեջ, ամուսնությունը գրանցող գործակալը իրականացրել է պսակադրությունը, որից հետո նավապետը անձամբ է նորապսակներին հանձնել ամուսնության վկայականը:

Այնուհետ հարսանեկան նավը հասել է Աղթամար կղզի, որտեղ նորապսակները հիացել են հայկական ճարտարապետական հրաշք Սուրբ Խաչի գեղեցկությամբ, եւ կղզում կենդանի երաժշտության ուղեկցությամբ  շարունակել  իրենց հարսանեկան արարողությունը:

Հարսնացուն, տպավորված նման գեղեցիկ արարողությունից, բոլոր զույգերին կոչ է արել պսակադրությունները իրականացնել Վանա լճում: