Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական այցելությունը եղավ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության գրասենյակ:

Թուրքական մամուլը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը Դենիզ Բայկալի հետ 7 տարում  հազիվ 5 անգամ էր հանդիպել, իսկ «Ժողովրդա-հանրապետական»-ի նոր առաջնորդը 1,5 ամիս առաջ է ընտրվել, եւ Էրդողանը հանդիպում խնդրեց նրանից։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդը վարչապետ Էրդողանին դիմավորել է խորհրդարանի իրենց կուսակցության գրասենյակի մուտքի մոտ։ Էրդողանի հետ հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, իսկ ընդդիմադիր կուսակցապետի հետ են եղել կուսակցության գլխավոր քարտուղարը, փոխնախագահն ու խորհրդարանական խմբակցության փոխնախագահը։

Հայտնի է, որ հանդիպման գլխավոր թեման եղել է PKK-ի իրականացրած գործողությունները, եւ դրանց կանխարգելման հնարավոր լուծումները։

Թուրքական հասարակությունը այս հանդիպումից մեծ սպասումներ ունի, սակայն քաղաքական շրջանակները նշում են, որ այն ընդամենը ձեւական բնույթ է կրելու։