Ալմաթայի հանդիպումը բարդ է լինելու, քանի որ այն ագիտացիոն ֆոնը, որ ադրբեջանական կողմը ստեղծել է բանակցությունների նախօրեին, վկայում է, որ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը չի ցանկանում զգալի զիջումների գնալ ղարաբաղյան հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Արամ Սաֆարյանը:
Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները միջազգային ատյանների ամբիոններից վկայում են, որ Բաքուն չի մտածում որեւէ փոխզիջման մասին: Անգամ նման հարցերում, ինչպես քվեարկության անցկացումը, փախստականների վերադարձը, զորքերի տեղակայումը, Ադրբեջանն իրավիճակը փոխում է լիովին իր օգտին»,- ասել է նա:
Սաֆարյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների մասնակցությունը՝ բանակցային գործընթացի միջնորդների կարգավիճակում, կարող է դեր խաղալ համաձայնության հասնելու գործում:
Սաֆարյանը կիսում է այն լավատեսությունը, որ ԵԱՀԿ ԱԳՆԽ պաշտոնական գագաթնաժողովում, որ կայանալու է տարեվերջին, առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ:
«Ադրբեջանական կողմի դեմագոգիան, եւ քարոզչությունն այնքան են խառնվել, որ հանգուցալուծման գործընթացն իրենից մեծ բարդություն է ներկայացնում»,- նկատել է նա:
Սաֆարյանը կարծում է, որ հայկական կողմը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, բազմիցս ասել է այն զիջումների մասին, որոնց պատրաստ է գնալ Երեւանը, ինչը համապատասխան ֆոն կստեղծի փոխզիջումային համաձայնության համար, սակայն անգամ դրան Ադրբեջանը պատասխանում է դժգոհությամբ:
«Միջազգային հանրությունը հասկանում է, որ Հայաստանն ավելի ճկուն է բանակցություններում, քան Ադրբեջանը»,- նկատել է պատգամավորը:




























