Իրանցի մասնագետները երկուշաբթի իրականացրել են սեփական արտադրության չորրորդ արբանյակի արձակումը, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:
GPS նավիգացիոն համակարգով հագեցած «Ֆաջր» արբանյակը ուղեծիր է դուրս բերվել «Սաֆիր» հրթիռի միջոցով GMT համակարգով ժամը 09:30-ին:
Գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով Իրանի փոխնախագահ Սորենա Սաթարին ավելի վաղ հայտնել էր, որ նոր արբանյակի արձակումը կարող է տեղի ունենալ մոտակա օրերին, սակայն ստույգ ժամկետներ չէին նշվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2015թ մարտից մինչեւ 2016թ. մարտ ընկած ժամանակահատվածում Իրանը պատրաստվում է ուղեծիր դուրս բերել սեփական արտադրության երեք նոր արբանյակ: 2014թ. փետրվարին իրանցի մասնագետները սեփական արտադրության երկու նոր տիեզերական արբանյակ էին ներկայացրել՝ «Թադբիր» եւ «Խալիջե Ֆարս», որոնք նախատեսված են երկրի մակերեւույթը նկարահանելու, պաշտպանված ռեժիմում տեղեկատվություն փոխանցելու, եւ արտակարգ իրավիճակների դեպքում շտապ հաղորդագրություններ ուղարկելու համար:





























