Այս տարի կտրուկ աճել է Հայաստանից դեպի եվրոպական երկրներ մեկնող զբոսաշրջիկների թիվը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արմենտուր» զբոսաշրջային գործակալության գլխավոր տնօրեն Արմեն Գյոզալյանը։ Հատկապես մեծ պահանջարկ են վայելում Իտալիան եւ Բուլղարիան, քիչ չեն նաեւ դեպի Իսպանիա եւ Ֆրանսիա մեկնողները։

Թուրքական Անթալիան դեռեւս պահպանում է առաջնությունը, սակայն ըստ Գյոզալյանի՝ ինքնաթիռները Անթալիա են մեկնում կիսադատարկ։ Եվրոպական շրջագայությունների աճին նպաստել է այն հանգամանքը, որ հեշտացել է վիզաների ձւակերպումը։ Հիշեցնենք, որ Շենգենյան գոտու երկրները Հայաստանի համար այս տարվա ապրիլից կիրառում են կարճաժամկետ վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգ։

Գյոզալյանի տեղեկացմամբ՝ հայաստանցիների մոտ մեծ պահանջարկ են վայելում նաեւ հյուսիսաֆրիկյան երկրները։ Օրինակ՝ ձմռանը եւ գարնանը մեծ է Եգիպտոս ուղեւորվողների թիվը, վերջերս ավելացել է նոր ուղղություն՝ Թունիս։