ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշել է բնապահպանության նախարարությանը հատկացնել 30 մլն. դրամ՝ «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ եւ ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան, բազմագործառնական էքսկավատորի ձեռքբերման եւ տեղափոխման ծախսը լրացուցիչ ֆինանսավորելու համար։ Նշենք, որ «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով կառավարությունն արդեն հատկացրել է 257 մլն դրամ։ Լրացուցիչ 30 մլն դրամից 16 մլն-ը ծախսվելու է 3 խոշոր բեռնատար մեքենաներով ֆիննական էքսկավատորը Փոթիից Սեւան հասցնելու համար։
Ըստ բնապահպանության նախարարության ներկայացրած տեղեկանքի՝ նախորդ մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները չեն ունեցել ստորջրյա անտառածածկ տարածքներում ծառաթփային բույսերի մաքրման բարձր արտադրողական մեքենա-սարքավորումներ, որի պատճառով աշխատանքներն արդյունավետ չեն եղել։




























