Հայաստանի պատժական համակարգում կներդրվեն էլեկտրոնային խանութներ: Այս մասին փետրվարի 3-ին կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
Վարչության պետը նշել է, որ արդեն գործարկվել է վարչության կայքը, որը կոչված է ոչ միայն իրազեկել բնակչությանը ՀՀ պատժական համակարգի իրավիճակի մասին, այլ նաեւ բարձրացնել ազատազրկվածների հարազատների իրազեկվածության մակարդակը՝ այցելությունների եւ թույլատրված իրերի եւ սննդի փոխանցման կարգի շուրջ:
Կայքին զուգահեռ անցյալ տարի գործարկվել է նաեւ «թեժ գիծը»: Երեք ամսվա ընթացքում ստացվել է ավելի 300 հաղորդագրություն: Հիմնականում դրանք տեղեկատվական բնույթի էին, բայց կային նաեւ ազատազրկվածների առողջությանը եւ կեցության պայմաններին վերաբերվող հաղորդագրություններ:
2015 թվականին էլեկտրոնային խանութների ներդրման նախագծին մեծ ուշադրություն է հատկացվելու: «Հիմնական գաղափարն այն է, որ ազատազրկվածների հարազատները կարող են գնում կատարել եւ մի քանի ժամվա ընթացքում գնված իրը կփոխանցվի հասցեատիրոջը: Խոսքն, իհարկե, վերաբերվում է միայն թույլատրելի իրերին եւ սննդին», - նշել է Օսիկյանը՝ հավելելով, որ այս համակարգի գործարկումը հնարավորություն կընձեռի ազատազրկվածների հարազատներին տեղ հասցնել այս կամ իրը առանց երկար ճանապարհ հաղթահարելու: Նախագիծը կոչված է նաեւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ կասեցնել արգելված իրերի ներթափանցումը ՔԿՀ:
Բացի այդ՝ ներկայացված է նաեւ էլեկտրոնային վերահսկողության օրենքի նախագիծը, որի համաձայն դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն կարելի է իրականացնել ձեռքի կամ ոտքի ապարանջանների միջոցով: Ուղեկցող մեքենաներն արդեն միացված են GPS համակարգին:
2015 թվականին նախատեսված անելիքներից վարչության պետը առանձնացրեց նաեւ ներքին ցանցի եւ ազատազրկվածների տվյալների բազայի ստեղծումը:





























