Համաշխարհային բանկի գրասենյակում հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Էլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրի վերաբերյալ քննարկումը: Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Համաշխարհային բանկի Ծրագրի ղեկավար Խուան Նավաս-Սաբատիերը:
Միջոցառման մասնակիցները ներկայացրել են «Էլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրի այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են Ինտերնետային հիմնացանցի եւ ներքին կառավարական ցանցի (Intranet) հիմնումը, Էլեկտրոնային քարտերի համակարգի ներդնումը, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացմանն աջակցելը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնումը, ինչպես նաեւ Նորաստեղծ ինովացիոն եւ տեխնոլոգիական ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրումը (Seed and Early-stage Venture Fund): Քննարկման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները:
Հարկ է նշել, որ սա եղել է «Էլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրի վերաբերյալ առաջին քննարկումը: Ծրագրի վերաբերյալ քննարկումը կրելու է շարունակական բնույթ:




























