Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի բութ տրավմա, ձախից 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կողոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի բնակչուհի, 1984 թ. ծնված Քրիստինե Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքն ստացել է հուլիսի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սեւանի թերակղզում գտնվող «Մալիբու» լողափում` ջրի մեջ մոտորանավակների բախվելու հետեւանքով:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե հուլիսի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Քրիստինե Ա.-ն եղբոր` 1983 թ. ծնված Կարեն Ա.-ի հետ «Մալիբու» լողափին հարակից «Ծովինար» լողափից վարձակալած մոտորանավակով Սեւանա լճում զբոսնելու ժամանակ, այլ մոտորանավակով պատահաբար նրանց է բախվել անծանոթ տղամարդ, որի հետեւանքով քույրը եւ եղբայրը ստացել են վնասվածքներ, իսկ անծանոթ տղամարդը հեռացել է անհայտ ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




























