Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հուլիսի 14-ին այցելել է Բուխարեստի քաղաքապետարան, որտեղ նրան ընդունել է քաղաքապետ Սորին Օպրեսկուն:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծավալված զրույցի ընթացքում, որին մասնակցել է նաեւ Ռումինիայի ԱԺ փոքրամասնությունների խմբի նախագահ, Ռումինահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, երկուստեք նշվել է, որ ինչպես Բուխարեստում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայերի դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը եւ ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ռումինիայի մայրաքաղաքների միջեւ ուղիղ կապեր հաստատելու եւ զանազան ծրագրերի շուրջ համագործակցություն ծավալելու հնարավորության մասին: Հայաստանի դեսպանը քաղաքապետին է փոխանցել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ողջույնը եւ Հայաստանի մայրաքաղաք այցելելու հրավերը: