Ամերիկյան Twitter ընկերությունը մտադիր է Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում հետազոտական եւ նախագծա-կոնստրուկտորային կենտրոն բացել։ Այս  մասին գրում է The Financial Times-ը։ Սա կլինի ԱՄՆ-ի սահմաններից դուրս միկրոբլոգի առաջին նման համալիր ծառայությունը։ Այսպիսով՝ Twitter-ը փորձում է արագացնել իր աճը խոշոր զարգացող շուկաներում, նշում է պարբերականը։

Հունվարին Twitter-ը 40 մլն դոլարով գնել էր Բենգալուրուում գտնվող բջջային ZipDial ծառայությունը։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան ընկերությունը պլանավորում է օգտագործել ZipDial-ի թիմը՝ իբրեւ նոր կենտրոնի հիմք։

Twitter-ի հնդկական մասնաճյուղի ղեկավար Ռիշի Ջայթլին հրաժարվել է մանրամասներ հաղորդել R&D համալիրի մասին,սակայն ընդգծել է ZipDial-ի հետ գործարքի կարեւորությունը։

Պարբերականը նշում է, որ Հնդկաստանը Twitter-ի համար կդառնա ԱՄՆ-ից հետո ամենախոշոր շուկան։ Ակնկալվում է, որ 2018թ. միկրոբլոգի հնդիկ օգտատերերի քանակը կհասնի 40 միլիոնի։ Այս պահին նրանց քանակը կազմում է 17 մլն։