Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը բացահայտ սուտ է որակել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իբրեւ հայկական կողմի հետ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու  հարցը: Ըստ Մամեդյարովի՝ այդ հարցը քննարկվել է նաեւ  Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգյան հանդիպման ընթացքում»,- նկատել է Հայաստանի նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման հարցով կայանալու է հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթայում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են տարածաշրջան հուլիսի սկզբին: Այցի նպատակներից մեկն էր նախապատրաստել հանդիպումն Ալմաթայում, ուր ժամանելու են հակամարտության կողմերի, նաեւ միջնորդ երկրների ներկայացուցիչները: Չի բացառվում նաեւ հնգակողմ հանդիպումը: