2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 179 հազար 257 հաշմանդամ, որից 8358-ը՝ երեխաներ. դա այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակհատվածում Հայաստանում գրանցվել է հաշմանդամության 170 հազար 950 դեպք, որոնցից 8706-ը՝ անչափահասների մոտ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում տվյալներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների հիմնահարցերի եւ հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով, հաշմանդամների մասին տվյալները թարմացվում են յուրաքանչյուր կիսամյակը մեկ։ «Հունիսն ավարտվել է, իսկ դա նշանակում է, որ շուտով նոր տվյալներ կունենանք»,- տեղեկացրեց Կարմեն Պետրոսյանը՝ նշելով, որ նոր հաշմանդամների ի հայտ գալու գործընթացին մեծապես օգնում է բուժհիմնարկների, ինչպես նաեւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ակտիվ աշխատանքը։
Հարցին, թե ի՞նչ հիմքերով է քաղաքացուն հաշմանդամության կարգ տրվում, բաժնի պետը նշեց, որ հաշմանդամությունը սահմանում է նախարարության ենթակայության տակ գտնվող առանձին ստորաբաժանումը։ «Դա Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն է, որն իր հերթին ունի մի շարք տարածքային մարմիններ։ Հենց այս մարմիներն էլ որոշում են հաշմանդամության կարգը, որը, ինչպես հայտնի է, մարդուն տրվում է ժամկետով կամ անժամկետ»,- տեղեկացրեց Կարմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ երկու տարի ժամկետ տրվում է 1-ին կարգի հաշմանդամներին եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, իսկ 2-րդ եւ 3-րդ կարգի հաշմանադամներին տրվող ժամկետը կազմում է մեկ տարի։ «Հիշյալ ժամկետների լրանալուց հետո մարդը կրկին ներկայանում է նոր փորձաքննության՝ իր հաշմանդամության կարգը վերականգնելու կամ փոփոխելու համար։ Ընդ որում լինում են դեպքեր, երբ մարդուն պարզապես հաշմանդամ չեն ճանաչում»,- տեղեկացրեց Կարմեն Պետրոսյանը։
Ամփոփելով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների հիմնահարցերի եւ հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետը նշեց, որ մեր երկրում 1-ին կարգի հաշմանդամների հաշմանդամության ամսական կենսաթոշակը կազմում է 11,200 դրամ, 2-րդ կարգի հաշմանդամներինը՝ 9600, իսկ եւ 3-րդ կարգինը՝ 8000 հազար դրամ։ «Սրանք նվազագույն չափերն են եւ կախված նրանից, թե որքան շատ աշխատանքային ստաժ ունի անձը, գումարի չափը կարող է փոփոխվել»,- ավարտեց նա։



























